Ես համրաքայլ, տխուր հեռանում եմ
հաղթանակից նախկին, որ սակարկվեց․
գլխիկոր եմ․ կամա՜ց մոռանում եմ,
թե անցյալը ինչպես տեղում դոփեց:
Ես չեմ հիշում՝ ինչպես դուռը կողպվեց,
ինչպես դարձա ներսում վտարանդի,
երբ շուրջբոլորս՝ ուրախ շքահանդես,
մասնակիցներն՝ անհոգ ու տմարդի:
Գովասանքի խոսքեր, բաժակաճառ,
չկա ոչ մի դատարկ կեղծ պատվանդան,
դիֆիրամբներ, ձոներ՝ առանց պատճառ,
միաբանված խմբեր, բազում անդամ:
Այս աղմուկից արդեն առանձնանում,
դառնում եմ ես ներփակ, լուռ ու մոլոր.
ի՞նչ են փնտրում մարդիկ, չե՞ն հասկանում,
ո՜նց ենք գահավիժում գլոր-գլոր:
Կողաշրջված մի մեծ ավտոբուս է,
մի կողմ նետված-փրկված ուղևորներ,
դրսում՝ աղմուկ, անդորրը ներսում է,
և՝ հատուկենտ փրկող կամավորներ:
«Սա ցնո՞րք է արդյոք, թե՞ մղձավանջ»-,
ծնկներին է խփում մի խեղճ պառավ․․․
Եվ տեսնում եմ, ահա, պարապ ականջ,
որի մոտ նստած է․․․ սպիտակ ագռավ:
2022 թ.
Անահիտ Սահակյան